Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան
前往频道在 Telegram
Թուրքագետ Անժելա Սիմոնյանի հեղինակային ալիքը։ Այստեղ կիսվում եմ տարածաշրջանային իրադարձությունների վերլուծություններով, իմ ուսումնասիրություններով, թարգմանություններով ու արխիվային հետաքրքիր փաստերով։
显示更多未指定国家未指定类别
335
订阅者
-124 小时
+77 天
+2830 天
帖子存档
▪️Արդյո՞ք Թուրքիան կարող է դառնալ Իսրայելի հաջորդ թիրախը
Վերջերս Իսրայելի կողմից իրականացրած հարվածը Քաթարին, որը Միացյալ Նահանգների գլխավոր ոչ ՆԱՏՕ դաշնակիցն է, առաջացրել է հարց, թե արդյո՞ք Թուրքիան կարող է դառնալ Իսրայելի հաջորդ թիրախը, որը հանդիսանում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցը։ Չնայած Թուրքիայի և Քաթարի միջև առկա մի շարք նմանություններին, որոնք վկայում են, որ Իսրայելի կողմից Թուրքիայի վրա հարձակումը լիովին բացառված չէ, մի շարք հանգամանքներ, և հատկապես Իսրայելի խոր կախվածությունը հենց Թուրքիայից, ամենայն հավանականությամբ կդառնան ուժեղ զսպող գործոններ նման սցենարի համար։
Չնայած Քաթարի դեմ այս գործողությունը տեղավորվում է Իսրայելի որդեգրած էսկալացիոն քաղաքականության տրամաբանության մեջ, այնուամենայնիվ, նախադեպային խզում է, քանի որ ուղղված էր մի երկրի դեմ, որը մինչ այդ համարվում էր «անմատչելի» թիրախ։ Թուրքիայի և Քաթարի միջև առկա են մի շարք ակնհայտ զուգահեռներ, որոնք երկուսին էլ դարձնում են Իսրայելի համար հավանական թիրախներ։ Օրինակ՝ երկու երկրներն էլ պահպանում են բարեկամական կապեր «ՀԱՄԱՍ»-ի հետ և անցյալում հյուրընկալել են կազմակերպության առաջնորդներին։
Իսկ այն պահից, երբ Սիրիայում տապալվեց Բաշար ալ-Ասադի վարչակարգը և Դամասկոսում ձևավորվեց Անկարային ու Դոհային մոտ կանգնած իշխանություն, Իսրայելի ռազմավարական շրջանակներում Թուրքիան և Քաթարը գնալով ավելի հաճախ են դիտարկվում որպես «ստրատեգիական սպառնալիքներ»։
Ավելին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովը, որը ուսումնասիրում է երկրի փոփոխվող անվտանգության միջավայրը, արդեն առաջարկել է հատկացնել ռեսուրսներ Թուրքիայի հետ հնարավոր բախումների սցենարների համար՝ հատկապես Արևելյան Միջերկրականում և Թուրքիայի ազդեցության գոտիներում՝ Սիրիայում և Գազայում։
Սակայն եթե նույնիսկ ենթադրենք, որ Իսրայելն իսկապես ունի Թուրքիայի վրա հարձակվելու մտադրություն, արդյո՞ք այդ դրդապատճառները կգերակշռեն այն զսպող հանգամանքներին, որոնք կարող են կանխել նման քայլը։
🔻Ամենատարածված փաստարկը, որն օգտագործվում է՝ իսրայելական հարվածի հնարավորությունը Թուրքիայի դեմ բացառելու համար, նրա ՆԱՏՕ անդամակցությունն է։ Այս տեսակետի կողմնակիցները շեշտում են, որ Թուրքիայի դեմ ցանկացած հարձակում ավտոմատ կերպով կգործարկի Ատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը, որը պարտավորեցնում է ողջ դաշինքին հանդես գալ Անկարայի պաշտպանության համար։ Սակայն անգամ այն դեպքում, եթե 5-րդ հոդվածը հաջողությամբ գործարկվի Թուրքիայի դեմ Իսրայելի ուղղակի հարձակման դեպքում, դաշինքի անդամները պարտավորված չեն պարտադիր ուժ կիրառել։ Պայմանագրի տեքստում նշվում է, որ յուրաքանչյուր պետություն կարող է ձեռնարկել «այնպիսի գործողություններ, որոնք համարում է անհրաժեշտ»։ Ավելին, օրերս Վաշինգտոնում պահպանողական American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը նշել էր, որ Թուրքիան կարող է դառնալ Իսրայելի հաջորդ թիրախը և նախազգուշացրել էր, որ այն չպետք է հույսը դնի ՆԱՏՕ-ի անդամակցության վրա։
🔻Սակայն ՆԱՏՕ-ի անդամակցությունից զատ, հենց Թուրքիայի սեփական ռազմական ներուժը, նրա տնտեսական լծակները Իսրայելի նկատմամբ և վերջապես՝ նորաստեղծ սիրիական ռեժիմի գլխավոր հովանավորի դերը, շատ ավելի հավանական են, որ կզսպեն Իսրայելի անպատասխանատու ռազմական արկածախնդրությունը։
🔻Պարադոքսալ է, բայց Թուրքիայի ամենաարդյունավետ զսպող գործոններից մեկը ոչ ռազմական բնույթի է․ դա Իսրայելի վառելիքի մատակարարման դադարեցումն է կամ խաթարումը։ Իսրայելը մեծապես կախված է նավթից, որը տեղափոխվում է Ադրբեջանից՝ Թուրքիայի Ջեյհան նավահանգստով։ Այս հանգամանքը Անկարային դարձնում է Իսրայելի էներգետիկ անվտանգության կենսական կապը։
Այսօր Թուրքիան ունի ազդեցիկ և բազմաշերտ լծակների համակարգ, որի կիրառումը կարող է զգալիորեն սահմանափակել Իսրայելի գործողությունների շրջանակը հնարավոր հակամարտության դեպքում։ Այս իրողությունը պայմանավորում է, որ նույնիսկ իսրայելական ամենաարկածախնդիր քաղաքական ղեկավարությունը ստիպված կլինի խորապես գնահատել ռիսկերը, նախքան Թուրքիայի դեմ ռազմական քայլերի դիմելը։
Արևելյան անդրադարձներ
